BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Երեսունից ավելի հայրեններ կան, որոնք դեռ թղթի վրա են, չեն հնչել»

«Երեսունից ավելի հայրեններ կան, որոնք դեռ թղթի վրա են, չեն հնչել»
06.03.2018 | 11:52

«Իրատեսի» հյուրը «Աստղիկներ» մանկական երաժշտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, դաշնակահար, երգահան ԼԻԼԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ է:
Զրուցել ենք Ֆրանսիայում նախատեսվող «Աստղիկներ» երգչախմբի բարեգործական համերգի, մանկական երգարվեստի ձեռքբերումների ու խնդիրների, Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա Լիլիթ Դանիելյանի գրած երգերի և առաջիկա ծրագրերի մասին:

«ԻՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԵՄ ԼՍՈՒՄ»


-Այն տարիներին, երբ մեր հեռուստաեթերը ողողված էր նոր անուններով ու նոր երգերով, մեկ, թե երկու անգամ լսել եմ Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա գրած երգերը: Դա շատ վաղուց էր: Եվ այնքան տպավորիչ, որ մինչ օրս չեմ մոռացել: Բայց, կարծես, կարճ տևեց հայրենների եթերային կյանքը: Իբրև մեներգիչ ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունը, ի՞նչ արձագանք գտան «Հայրենները» մասնագետների և երաժշտասեր հասարակության կողմից:
-Ինչպես նշեցիք` ինչ-որ պահ էր: Մի կարճ շրջան՝ 1995-1998 թթ. աշխատել եմ Երգի պետական թատրոնում, մինչ այդ «Արձագանք» ստուդիայում էի, բայց, ինչպես ասում են, դա եղել է շատ վաղուց և ոչ ճիշտ (ֆՑՏ ոօսՏ ՊՈՉվՏ Ռ վպտՐՈՉՊՈ): Ես երբեք ինձ երգիչ չեմ համարել, այլ ավելի շատ մարդ, որ ստեղծագործում է: Առաջին հայրենը երգի եմ վերածել 15 տարեկանում, բայց դրան նորից վերադառնալու, մշակելու, որպես երգ ներկայացնելու համարձակություն ունեցա ավելի ուշ՝ 30-32 տարեկանում: 2007-ին արդեն ձայներիզը պատրաստ էր: Այս նախագծի շուրջ շատ լավ մարդիկ էին հավաքվել` գործիքավորող Նարինե Զարիֆյանը, «Արդինի» ձայնագրման ստուդիան, ձայնային ռեժիսոր Հմայակ Ռոստոմյանը, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Առաջին տեսահոլովակը թողարկվեց իմ միջոցներով, հետո Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ Դավիթ Սահակյանցը նկարահանեց անիմացիոն ֆիլմ Քուչակի հայրենների մասին՝ իմ երաժշտությամբ: Դավիթը հիացած էր այդ երաժշտությամբ, ասում էր, որ դրանից հետո մեկ տարի ոչինչ անել չի կարողացել: Պետական կամերային երաժշտական թատրոնում 2015-ին բեմադրվեց հայրենների հիման վրա գրված երգերիս շարքը:
-Ինչպես հարկն է ներկայացվե՞լ են Ձեր նշած նախագծերը: Խոսքը գովազդի մասին է:
-Նման նախագծերը, ինչպես դասական երաժշտությունը, շատ չեն գովազդվում: Այն ունի իր հանդիսատեսը: Առհասարակ, ես դռներ ծեծել չեմ սիրում: Գիտեմ, որ գրել եմ, բայց չեմ զբաղվում դրանց տարածմամբ: Շարունակում եմ գրել:
-Էլի՞ երգեր ունեք հայրենների հիման վրա:
-Այո, երեսունից ավելի հայրեններ կան, որոնք դեռ թղթի վրա են, չեն հնչել: Միայն դրանց ձայնագրությունն արդեն իսկ թանկ հաճույք է (երաժշտությունը, որ ձայնագրվել էր, կատարել են ֆիլհարմոնիկ նվագախմբի, ժողովրդական նվագարանների լավագույն երաժիշտները):
-Դեմ չե՞ք լինի, որ Ձեր գրած երգերը կատարեն նաև ուրիշները:
-Իհարկե ոչ: Եթե ուրիշները կատարեն, միայն կապրի այդ երաժշտությունը: Հայրենների բեմադրության ժամանակ երգում էին թատրոնի արտիստները: Ինքս երգեցի, որովհետև իմ ձայնը շատ հարմար էր, այսպես ասած, սազում էր հայրեններին: Առաջիկայում Սան Մարինոյի կոնսերվատորիայի նվագախմբի հետ ելույթ եմ ունենալու, երգելու եմ «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունը: Որպես միջնադարյան ձայնով երգչուհու, ինձ էին մատնանշել, ու ես անցա այդ կաստինգը:
-Դուք նաև բանաստեղծական ժողովածու ունեք («Նայիր կնոջը»): Երգեր գրու՞մ եք Ձեր տողերով:
-Ես իմ բանաստեղծությունների երաժշտությունը դեռ չեմ լսում:

«ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԳԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԳՐՈՒՄ»


-2008-ին հիմնել եք «Աստղիկներ» մանկական երաժշտական կենտրոնը, մինչ այդ ստեղծել և ղեկավարել եք մանկական երաժշտական «Աստղիկ» մրցույթ-նախագիծը: Մի փոքր պատմեք այդ մասին: Ինչու՞ և ինչպե՞ս ծնվեց նախագիծը:
-Մանկական դաշտ մտնելու ցանկություն ամենևին չունեի, բայց երբ աղջիկս երկու-երեք տարեկան էր, երգեր էի փնտրում նրա համար, գտնում էի երգեր, որոնք այնքան էլ մանկական չէին: Այսօր ով ասես կարող է երգ գրել, ձայներիզ թողարկել, այնինչ մենք ժողովրդական երգեր ունենք, խաղիկներ, խորհրդային շրջանում մանկական երգերի ահռելի ժառանգություն: Հարց է առաջանում՝ ինչու՞ ենք մոռանում լավ երգերը: «Շանթ» հեռուստաընկերության տնօրենին առաջարկեցի մանկական թեմայով նախագիծ իրականացնել: Հաջողվեց նախագիծը: Երեխաներին ճանաչում էին, լավ երգեր ի մի բերվեցին, տարածվեցին: «Աստղիկներից» են Ռոբերտ Քոլոյանը, որ անցավ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը, Ժաննա Դավթյանը, Անահիտ Պետրոսյանը, Ինգա Ավետիսյանը: Վախենում եմ որոշ անուններ բաց թողնել:
-«Աստղիկներ» մշակութային կենտրոնում քանի՞ տարեկանից են ուսանում, ի՞նչ են երգում, ինչո՞վ է առանձնանում «Աստղիկները»:
-5-15 տարեկան երեխաներ են, երգում են բազմաժանր մանկական երաժշտություն, Ռուբեն Հախվերդյանի «0-100 տարեկան երեխաներին» երգերը, Ռոբերտ Ամիրխանյան, մանկական ժողովրդական երգեր: Արդեն մեկ տարի է` մեր կենտրոնի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է «Շողակն» անսամբլի մենակատար Ալեքսան Հարությունյանը, որը հայկական ժողովրդական երգի լավագույն գիտակներից է և այնպե՜ս սիրով է երեխաների հետ աշխատում: Մարտի վերջին Ֆրանսիայում բարեգործական համերգ ենք ունենալու, ներկայացնելու ենք հայկական ժողովրդական երգեր, սկսած երեխաների համար Կոմիտասի գրած «Այբ, բեն, գիմ»-ից մինչև պարեղանակներ, հարսանեկան երգեր:
-Ինչպե՞ս են երեխաները արձագանքում ժողովրդական երգարվեստին:
-Առաջին դասին խոժոռ դեմքերով նստած էին, թե՝ այս ի՞նչ երգեր են երգում: Մի քիչ բարդ է, հիշելու համար պետք է ճիգ գործադրեն, բայց քանի որ իրենց արյան մեջ է, ոչ մի դիսոնանս չէր լինում, շատ հեշտ սովորում էին:
-Այդ երգերը անտեսվա՞ծ են, թաքնվա՞ծ:
-Թաքնված չեն, անտեսված չեն, արժեքային համակարգն է փոխվել: Իմ ընկերը Ֆրանսիայից եկել է, ասում է` Ֆրանսիայում այդքան արաբներ կան, երբեք այսքան թուրքական, արաբական երաժշտություն չէի լսել: Ասում է` ես կհասկանամ, եթե արաբական ռեստորանում լսեմ, բայց ամենուր է՝ լողավազանում, փողոցում, եթերում: Կարելի է, չէ՞, մի օր հրաման տալ և վերջ դնել այդ ամենին:
Մեր մշակույթին ֆրանսիացիները ծանոթ չեն, Խաչատրյանին գիտեն, բայց երբ լսում են Կոմիտաս, հուզվում են, լաց լինում, զարմանում են, թե այս ի՞նչ երաժշտություն է՝ հոգիդ տակն ու վրա անող: Լսում են Բաբաջանյան, ասում են՝ չգիտեինք, որ հայերն այսպիսի ժամանակակից էստրադա ունեն: Մեր երաժշտական մշակույթը, իսկապես, ծանրակշիռ է, անգին:
-«Աստղիկները» անդրադառնու՞մ է ժամանակակիցների գործերին։
-Էդգար Գյանջումյանը առաջարկել է իր մանկական ստեղծագործությունները, սիրով կհամագործակցենք, քանի որ մանկական երգերի հանդեպ մեր մոտեցումը համապատասխանում է: Եթե լավ առաջարկներ լինեն, ինչու՞ ոչ: Խնդիրն այն է, որ մեր լավագույն կոմպոզիտորներն այսօր երեխաների համար երգեր գրեթե չեն գրում, ու դաշտը լցնում են… Եկեք շատ չքննադատեմ:
-«Աստղիկներում» ընդունելությունն ազա՞տ է, թե՞, այնուամենայնիվ, որոշակի ընտրություն եք կատարում:
-Անցյալ տարի 70-ից ընտրել ենք 15-ին: 2008-ին 120 երեխա էր սովորում, լավ երեխաներ էին, բայց դժվար է աշխատել 120 ծնողի հետ, որոնք անպայման ուզում են իրենց երեխաներին բեմում առաջին պլանում տեսնել: Ընթացքում հասկացա, որ ավելի լավ է 15 հոգի լինեն, բայց լավագույնները:
-Ինչպե՞ս եք ընտրում լավագույններին:
-Առաջնային են ռիթմի զգացողությունը և լսողությունը:
-Հյուրախաղեր ունենու՞մ եք:
-Հանդես ենք եկել Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ՀՀ մարզերում, Իրանում, ԱՄՆ-ում: Մարտի վերջին Ֆրանսիա ենք մեկնում բարեգործական համերգի: Ողջ հասույթը տրամադրվելու է Վարդենիսի Ծովակ գյուղի երեխաներին: Տադեն քաղաքում ապրում է ընտանիք՝ Լոիկ և Լողանս Սենաղներ, որ 10 տարի է` այս գյուղի երեխաների կնքամայրն ու կնքահայրն են դարձել: Շատ պատահական գալիս են Հայաստան, իրենց թարգմանիչը այդ գյուղից է լինում, երբ գյուղ են գնում, տեսնում են սոցիալական ծանր վիճակը, հանձն են առնում պարբերաբար գյուղի ընտանիքներին, երեխաներին օգնելու պարտավորությունը:
-Եվ վերջին հարցը` հայրենները ներկայացրե՞լ եք դրսում, ինչպե՞ս են ընդունվում:
-Այնտեղ ավելի ջերմ ընդունելություն են գտել: Նոր նախագիծ կա առջևում, սակայն չակերտներն առայժմ բացել չեմ ուզում:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ